Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել
Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։
Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Ճապոնիայի ներկայացուցչից՝ 5-3: Կիսաեզրափակչում, սակայն, Արմանը 0-7 հաշվով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ԱԱ-ում պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։
Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել է աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։
Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել։ Հաղթանակի դեպքում հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի, ինչպես նաև օլիմպիական ուղեգրի համար։