Կյանքի և մահվան հարց է․ Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախի անկումից հետո առաջացած նոր սպառնալից պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության մեծապես աճած խոցելիությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է արագորեն լուծել հետևյալ խնդիրները.
1. ՀՀ ռազմական քաղաքականությունը վերջապես կառուցել ազգ-բանակ մոդելի հիման վրա, որը նախատեսում է մեծաթիվ ու մարտունակ բանակի, արդյունավետ պահեստազորի ու բազմահազարանոց աշխարհազորի առկայություն։
2. Օր առաջ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր և լիակատար ռազմավարական դաշինք։
3. Օր առաջ հաստատել Ֆրանսիայի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր և առավելագույն խորության այնպիսի ռազմավարական դաշինք, որին պատրաստ կլինի Ֆրանսիան։
4. Օր առաջ հաստատել Հնդկաստանի Հանրապետության հետ ռազմական փոխգործակցության պայմանագիր և առավելագույն խորության այնպիսի ռազմավարական դաշինք, որին պատրաստ կլինի Հնդկաստանը։
5. ՀՀ տարածքում անցկացնել հայ-իրանական, հայ-ֆրանսիական և հայ-հնդկական ցամաքային և օդային խոշոր զորավարժություններ։
6. Հագեցնել ՀՀ ԶՈՒ-ն որակյալ (մասամբ հայկական) զենք ու զինամթերքով։
7. Կտրուկ բարձրացնել Սյունիքի ու սահմանամերձ մյուս շրջանների պաշտպանունակության մակարդակը՝ փոխկապակցված ամրաշրջանների կառուցման միջոցով։
Մնում է ունենալ այնպիսի քաղաքական իշխանություն, որն ամբողջ թափով կլծվի այս կենսական նշանակություն ունեցող գործերին։ Կյանքի և մահվան հարց է»։