Ռուս դիվանագետին մահացած են գտել Ստամբուլի հյուրանոցում
Ստամբուլի հյուրանոցային համարում մահացած են գտել ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլայ Կոբրինեցին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նշվում է, որ 61-ամյա դիվանագետը մահացել է հոկտեմբերի 12-ին։
«Տաղանդավոր դիվանագետը, փորձառու առաջնորդը և համակրելի դաստիարակը, ով իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը, հեռացել է»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ի հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը չի նշել մահվան պատճառը։
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կոբրինեցը Ստամբուլ է ժամանել աշխատանքային հանդիպման։ Նրա գործընկերներին չի հաջողվել հեռախոսով կապ հաստատել այն բանից հետո, երբ դիվանագետը բացակայել է հանդիպումից։ Դիակը հայտնաբերել են հյուրանոցի աշխատակիցները։ Նախնական տեղեկություններով՝ Նիկոլայ Կոբրինեցը մահացել է սրտի կաթվածից։