Ամուլսարի հանքը շահագործող ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսը կանցնի կառավարությանը
ՔաղաքականԱմուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Կառավարության հունվարի 18-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Նա հիշեցրեց, որ 2023 թվականին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։
«Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։
Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։
Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասաց Իսպիրյանը։
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։