Հայ երաժիշտները՝ Թուրքիայի Սիդե քաղաքում անցկացվող «Հարմոնիա» միջազգային երաժշտական 7-րդ մրցույթ-փառատոնի հաղթողներ
Գիտություն և Մշակույթ2018 թվականի ապրիլի 27-ից մայիսի 4-ը Թուրքիայի Սիդե քաղաքում անցկացվող «Հարմոնիա» միջազգային երաժշտական VII մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Հայաստանի Երիտասարդ Երաժիշտներ» նախագծի երաժիշտները և ստացել առաջին պատվավոր մրցանակը:
Հայկական կողմը ներկայացնում էին նախագծի ղեկավար Գարեգին Քևնակսզյանը (կլարնետ) և նախագծի անդամ Գոռ Թումանյանը (վոկալ)։
Գարեգին Քևնակսզյանը նշել է, որ այս հաղթանակը նվիրվում է հայ ժողովրդին, Նոր Հայաստանին՝ Թավշյա հեղափոխությանը։
Գարեգինը միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է, սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վիաչեսլավ Մանուչարյանի դասարանում, ծառայել է Հայաստանի Հանրապետության նախագահական նվագախմբում։ Ղեկավարել է մի շարք բարեգործական և մշակութային նախագծեր։
Փառատոնը 7 օրվա ընթացքում միավորել էր 9 երկրի (Լատվիա, Լիտվա, Հայաստան, Իտալիա, Ռուսաստան, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան, Կանադա) 200-ից ավել շնորհաշատ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների։ Փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգությունների երաժիշտ-կատարողների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր։
Փառատոնը հնարավորություն տվեց երաժիշտներին ձեռք բերել նոր կապեր և առաջիկայի համար պլանավորել միջազգային նախագծեր Երևանում, որը կներկայացնենք սեպտեմբերին։