Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլում
АналитическийՆիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած վերջին այցից հետո՝ դեռ օդանավից «թամամ չիջած»՝ հայտնվեց Արցախում։ Պաշտոնական որևէ հայտարարություն չեղավ, թե որն էր այդ անժամանակ այցի նպատակը։ Թեպետ, տեղեկանում ենք, որ Բակո Սահակյան էր հրավիրել վարչապետին։
Հիշենք, որ հունիսյան առաջին օրերին, երբ Արցախի նախագահը ոտով-գլխով խճճվել էր ժողովրդական անհնազանդությունից ու ուժային կառույցների բախումից առաջացած քաոսում՝ չստացավ վարչապետի աջակցությունը։ Եվ միայն այն բանից հետո՝ «երբ բանը բանից անցավ», նոր հանդես եկավ հայտարությամբ՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության ցույցերը։
Բայց ռուսաստանյան այցից հետո Բակո Սահակյանի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվերապահորեն աջակցելու են Արցախին և Բակո Սահակյանին։
Սրան էլ հաջորդեց Բակո Սահակյանի նամակը Նիկոլ Փաշինյանին, որտեղ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյան ասելու փոխարեն Արցախի նախագահը վարչապետին դիմում է Պուտինի սիրած ձևով՝ Նիկոլ Վովայի։ Իր նամակը սկզբից մինչև վերջ համեմում ու լցնում է շնորհակալական բառերով։ Էդ երբվանի՞ց է Արցախի նախագահը շնորհակալ, որ ՀՀ վարչապետը գնացել է Արցախ։ Ստացվում է, որ եթե մեկը որոշի հարազատ եղբոր կամ քրոջ տուն հյուր գնալ՝ մյուսը պետք է շնորհակալությունից խոնահարվի այդ ժեստի համար։
Երեք եզրակացություն այս ամենից:
Հնարավոր է, որ ՌԴ կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել, որտեղ իր «պայմաններն» է առաջարկել ԼՂՀ-ի հարցի հետ կապված։ Իսկ այդ «պայմանները» Պուտինը մինչ այդ քննարկել է նաև Ալիևի հետ։ «Պայմանները» Նիկոլ Փաշինյանը գուցե պետք է անձամբ ներկայացներ Բակո Սահակյանին։ Նամակն էլ, հնարավոր է՝ հետո գրվել՝ ցույց տալու համար, որ Արցախի նախագահն է հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ վարչապետի անմեղ սելֆին Բակո Սահակյանի հետ՝ գուցե մեսիջ էր ռուս գործընկերոջը՝ «եկել եմ, խոսել եմ, ամեն ինչ կարգին է»։
Բայց կա նաև մեկ այլ մոտեցում․ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանն առջին անգամ տեսավ Ալիևին։ Ռուսաստանյան օդն էր, կամ այն, որ Ալիևը մեկ շարք ավելի մոտ էր նստած տրիբունային, գուցեև թշնամու սառը հայացքը․․․ Կարևոր չէ, կարևորն այլ բան է՝ Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ՝ գուցե մարտահրավեր էր Ալիևին, թե տես՝ «ես ամբողջովին տերն եմ իրավիճակի, Հայաստանն ու Ղարաբաղը միասնական են, իմ և Բակո Սահակյանի մեջ հակասություն չկա՝ մենք աջակցում են իրար, մենք ուժեղ ենք»։
Սելֆին էլ, Բակո Սահակյանի նամակն էլ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ, մեսիջներ էին Ալիևին՝ «աչքով տեսնի, որ հավատա»։
Եվ մի երրորդ տարբերակ, որը կարծես առաջինի շարունակությունը լինի։ Իր նամակով Բակո Սահակյանն ասես ցանկանում էր մեկ անգամ էլ համոզվել, որ Հայաստանը Արցախին մենակ չի թողնի։ Հիշենք, որ մինչ վարչապետի այցն, այնտեղ էր նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ով հայտնեց, որ կողմ է, որ Հայաստանը չմիջամտի Արցախի ներքին գործերին։ Սա մի կողմից կարող էր դուր գալ Բակո Սահակյանին, մյուս կողմից՝ ոչ։ Դուր չի գա այն դեպքում, եթե ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանն իրոք բոթեր բերած լինի։ Այս դեպքում Արցախն ամբողջությամբ ունի աջակցության կարիք։ Այս դեպքում Բակո Սահակյանը ոչ թե նամակ, այլ նամակներ գրելու կարիք ունի։
Որ կողմից էլ որ նայենք իրավիճակին, այն մնում է տարօրինակ և խորթ։ ՌԴ այցից հետո հապճեպ այց ԱՀ, «փոխադարձ սիրո դրսևորումներ», ընդգծված ցուցադրական նամակ։
Մտածել է պետք․․․