Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներ
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանը պատրաստվում է հունիսի 26-ին՝ ռազմական շքերթի ժամանակ, ցուցադրել ամերիկյան արտադրության Bell 412 ռազմական ուղղաթիռներ: Այս օրերին զորահանդեսի փորձեր էին կատարվում Ադրբեջանում, որի ընթացքում երկնքում երևացին այս ուղղաթիռները: Համաձայն ամերիկյան օրենսդրության՝ ԱՄՆ-ն չի կարող զենք վաճառել հակամարտող կողմերին: Այս հարցի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ:
-Պարո′ն Եղիազարյան, ինչպե՞ս կբացատրեք ուղղաթիռների հայտնվելն Ադրբեջանում:
-Զորաշքերթի նախապատրաստական աշխատանքներից տեղեկացանք, որ ամերիկյան ուղղաթիռներ կան, որոնք ԱՄՆ չպետք է տրամադրեր հակամարտող երկրի, բայց, փաստացի, Ադրբեջանը՝ որպես հակամարտող երկիր, այսօր իր ձեռքի տակ ունի դրանք: Դրանց ծագումնաբանությունը պետք է պարզվի: Հիմա Ամերիկայում «Հայ դատի» գրասենյակները հարցում են անում ամերիկյան իշխանություններից, քանի որ եթե իրենց արտադրությունն է, ապա առաջինն իրենցից պետք է հարցում արվի: Թեպետ, նկատի ունենանք մի հանգամանք՝ ԱՄՆ-ն այս զենքերը վաճառել է Պակիստանին, Սաուդյան Արաբիային և էլի մի քանի երկների, ըստ այդմ, հնարավոր է՝ վերավաճառք է եղել: Չնայած, այստեղ էլ հարց կա. հստակ պետք է երևա՝ արդյո՞ք այդ երկները խախտել են Ամերիկայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ միգուցե Ամերիկան պայմանագրեր ունի այդ երկրների հետ, որ դրանք չվաճառվեն երրորդ երկրի: Այստեղ, հնարավոր է, այդ երկիրը խախտել է հենց ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը: Կա նաև այլ տարբերակ՝ դրանք որպես ցուցանմուշ, որպես հրավեր են հայտնվել Ադրբեջանում և չեն պատկանում իրենց, պարզապես կցուցադրվեն: Բոլոր դեպքերում, պետք է ուսումնասիրվի: Իսկ եթե պարզվի, որ վաճառվել է, ապա հարցը միջազգային հարթության վրա պետք է բարձրացվի. դա խախտում է հենց Ամերիկայի կողմից սահմանված օրենքի:
- Մոտալուտ պատերազմի վտանգ կա՞ այս ամենում:
-Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտնել էր, որ նախագահից հրահանգ է ստացել պատրաստվել պատերազմի: Սա արդեն պետք է դիտել որպես պատերազմի հայտարարություն, ինչի հետ կապված՝ Հայաստանի իշխանությունները և´ դիվանագիտական, և´ ռազմական առումով պետք է պատրաստ լինեն: Դիվանագիտական տեսանկյունից պետք է արձագանքենք և միջազգային կառույցների ուշադրություննը հրավիրենք այս հանգամանքի վրա:
-Եթե լինի պատերազմ, ապա ե՞րբ սպասենք հարվածին:
-Եթե սպասելու լինենք, պետք է ամեն օր սպասենք. Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հայտարարի ռազմական գործողություն սկսելու օրն ու ժամը: Մենք պետք է միշտ զգոն լինենք, մեր պատերազմը չի ավարտվել զինադադարից հետո, ինչի վառ ապացույցն էր նաև 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից հանկարծակի ռազմական գործողությունների վերսկսումը: Նման իրավիճակ մենք պետք է ենթադրենք մշտապես և սա պետք է մեզ զգոնության բերի և միշտ պատրաստ լինենք, որպեսզի չկրկնվի նույնն, ինչը եղավ Ապրիլյան քառօրյայի ժամանակ:
Լիլիթ Հակոբյան