Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղում
ՀասարակությունԳյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն այսօր զորավարժություններ են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի տարածքում, որտեղ նման գործողություններ իրականացնելու թույլտվություն չեն ունեցել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:
Նա նշեց, որ զորավարժությունների ընթացքում ցնցումներ և պայթյուններ են եղել, որի հետևանքով նույնիսկ երեխա է ուշագնաց եղել:
«Զինվորները՝ կապիտանի գլխավորությամբ, բացատրում են, որ ուսումնական վարժություններ են անում, հարցնում ենք՝ ո՞վ է թույլ տվել, անուններ չեն տալիս, միայն ասում են՝ ներեցեք»,-ասաց գյուղապետը:
102-րդ ռազմաբազան առաջին անգամն է Փանիկ գյուղի տարածքում զորավարժություն անցկացնում: Գյուղապետ Մակեյանն ասաց, որ ռազմական ոստիկանությունը, մարզպետը տեղյակ չեն եղել զորավարժությունների անցկացման մասին: Գյուղապետը դիմել է Շիրակի մարզային ոստիկանություն, ԱԱԾ: Ոստիկանությունից գնացել են գյուղ և իրավիճակի մասին տեղեկացրել հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներին:
Գյուղապետը հավելեց, որ ռազմաբազայի ծանր տեխնիկան քանդել է գյուղի ճանապարհը և համայքնի բյուջեով հնարավոր չէ այն վերականգնել: