Օգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել...
ՀայաստանՈստիկանները բացահայտել են Չարբախում կատարված դանակահարությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքից րոպեներ անց մի տղամարդ Չարբախի բաժանմունքում հայտնել է, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ իրեն ծեծել են: Դանակահարության մասին քաղաքացին, որի դեմքն արյունոտ է եղել, իսկ ճակատին՝ քերծվածքներ, չի նշել:
Ոստիկանները շտապօգնություն են կանչել, տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից քիչ անց ոստիկանության Չարբախի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ տղամարդը ճակատի քերծվածքներից բացի, որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք ունի:
Ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ են սկսել: Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց` համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում:
Համայնքային ոստիկանները նախ ճշտել էին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա բնակիչների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում պարզել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Շարուրի փողոցի բնակիչ Նվեր Բաղդասարյանը: Նույն օրը նշված փողոցից Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Նվեր Բաղդասարյանը հենց իրենց շենքի շքամուտում է դանակահարել տուժողին, որն, ըստ նախնական տվյալների, ալկոհոլի ազդեցության տակ բարձրաձայն հայհոյել է` չընդունելով շենքի բնակիչների դիտողությունները, վեճի բռնվել Բաղդասարյանի հետ:
Ոստիկանությունը պարզում է հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նվեր Բաղդասարյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: