Դպրոցի բակում փսփսում են, բայց երբ հարցը հասնում է բարձրաձայնելուն՝ հետ են կանգնում. ինչի դեմ է պայքարելու Իզաբելլա Աբգարյանը

Անհամբեր սպասում եմ՝ երբ է ավարտվելու ավագանու աշխատանքների ամբողջ պաշտոնական մասը, որովհետև գործերը շատ են կուտակված, և մեզ արդեն իսկ շատ են դիմել՝ յուրաքանչյուրս արդեն 30-40 նամակ ունենք, որ պետք է ընթացք տանք։ Այս մասին այսօր, ավագանու անդրանիկ նիստից հետո ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Մասնավորեցնելով՝ ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Աբգարյանը նշեց․
«Շատ-շատ են բողոքները՝ ապօրինի շինությունների հետ կապված։ Մենք արդեն հասկացանք՝ մեծ թվով ապօրինի շինարարություն է կատարվում։ Պետք է մեկ առ մեկ վերանայել և Երևանը ազատել այն ապօրինի կառույցներից, որոնք տզրուկի նման տգեղացրել են Երևանի դեմքը»։
Իզաբելլա Աբգարյանը նաև նկատեց, որ միշտ է ցանկացել մասնակից լինել Երևանի խնդիրների լուծմանը։
«Մեզանից շատերը քաղակտիվիստ են եղել, սովորաբար մեզ տեսել են քաղաքապետարանի շենքերի դռների մոտ՝ պաստառներով։ Եվ հիմա մենք շենքի ներսում ենք։ Հետաքրքիր զգացողություներ է նաև առաջանում, երբ հանդիպում ենք աշխատակազմին, ում դեմ բողոքի ակցիաներ ենք արել կամ կոնֆլիկտ ենք ունեցել՝ արդեն ժպտում են, մի տեսակ այլ մոտեցում է»,-ասաց Աբգարյանը։
Նա նաև նշեց, որ ընդգրկվել է Կրթության և մշակույթի հանձնաժողով և կրթության հանդեպ նրա ուշադրությունը լինելու է առաջնահերթ։
«Այսօր ես հնարավորություն ունեմ լուծելու խնդիրներ՝ առանց դիմելու երկրորդ, երրորդ անձի՝ ինչպես նախկինում էի անում՝ առաջ ես էի դիմում ավագանիներին, հիմա՝ ես ինքս եմ ավագանի»,-նկատեց Աբգարյանը, հավելելով, որ լինելով կրթության ոլորտի ներկայցուցիչ և նախկինում դասախոս՝ կարևորում է ստեղծել նոր մշակույթ, որ քաղաքացիները չվախենան բարձրաձայնել խնդիրները։
«Պետք է անենք այնպես, որ մարդիկ դիմեն նամակով և չվախենան իրենց իրավունքների համար պայքարել։ Մենք սատար ենք կանգնելու։ Հույս ունենք՝ չի լինի նախորդ պրակտիկան՝ դպրոցի բակում փսփսում են, բայց երբ հարցը հասնում է, որ պետք է բարձրաձայնեն՝ հետ են կանգնում։ Ես դրա դեմ պետք է պայքարեմ՝ ամեն ձևով»,- ավելացրեց Աբգարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է նրան հետագայում խորհրդարանում տեսնենք՝ Աբգարյանը նկատեց, որ այդ հարցով դիրքորոշում չունի՝ նշելով, որ իր համար ականկալ էր նաև իրեն ավագանու ցուցակ հրավիրելը։
Արմինե Արմենակյան