Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը շարունակում է ծանոթ-բարեկամով հարցեր լուծելու ավանդույթները
ՀասարակությունԱրաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոց 39/2 հասցեում շուրջ 5 օր է իրականացվում է ապօրինի շինարարություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ռուզաննա Խաչիկյանը, ով բնակվում է նշված հասցեի հարևանությամբ։
«Մեր սեփական տան անմիջապես կողքին կառուցվում է 3 հարկանի շենք, որը մեզ անհարմարություններ և գույքային վնասներ է պատճառում։ Մեր պատուհանի լույսերն ամբողջությամբ փակում է։ Թե՛ գրավոր և թե՛ բանավոր կարգով դիմել ենք Երևանի քաղաքապետարան և Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմ, որ վիճարկվի շինարարության որոշումը, սակայն մինչ օրս որևէ գործողություն ապօրինի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ չի իրականացվել։ Ինձ մոտ կա դատարանի որոշում, որ շինարարությունը պետք է կասեցվի մինչև մարտի 20-ը, քանի որ այդ օրն է նշանակված դատը։ Այսօր դադարեցվել է շինարարությունը, բայց չգիտեմ՝ կասեցվել է, թե այլ պատճառով այսօր չեն աշխատում»,- ասաց բողոքող բնակիչը։
Բնակչի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակվում են ապօրինություններն ու ծանոթ-բարեկամով հարցեր լուծելու ավանդույթները․ «Կառուցվող շինության սեփականատերը «Էլլադե» մուշտակների խանութի սեփականտերն է։ Չգիտեմ՝ մեր թաղապետարանն աշխատում է ծանոթ-բարեկամ սկզբունքով, թե ինչ հիմունքներով, բայց մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մեր խնդիրը թաղապետարանի հետ է, թե ի՞նչ հիմունքներով, ի՞նչ թղթի հիման վրա են տվել թույլտվություն, որով խախտվում են մեր իրավունքները»,- նշեց նա։
Նա պատմեց՝ իրենց տան պատի վրայից՝ առանց իրենց թույլտվության, հանել են օդորակիչների հետևի սարքերը․ «Ես ոստիկանություն կանչեցի, արձանագրեցին, դա համարվում է գողություն, բայց կրկին աչք փակեցին։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ թաղապետարանը քայլեր չէին ձեռնարկում՝ շինարարությունը կասեցնելու համար։ Թաղապետարանը երեկ ինձ պատասխան նամակ է ուղարկել, այնինչ իրենց աշխատակիցներին պետք է ուղարկեին, տեսնեին՝ ինչ է կատարվում»,- ասաց Ռուզաննա Խաչիկյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով է դադարեցվել շինարարությունը, շարունակվելո՞ւ է, թե ոչ և ի՞նչ կապ կա իր և «Էլլադե» մուշտակների խանութի սեփականատիրոջ միջև։ Սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։
Սոնա Հարությունյան