Վարչապետն ամեն բան ասաց. Ալեն Սիմոնյանը համամիտ է Փաշինյանի հետ Մել Դալուզյանի հարցում
ԲլոգոսֆերաԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մել Դալուզյանի հարցում: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Վարչապետն ամեն բան ասաց, մի բան հավելեմ՝ Մել Դալուզյանը, Ամստերդամում ականատես լինելով կողոպուտի փորձի, պաշտպանել է տուժողին՝ որպես հետևանք դանակահարվել է և հետագայում իրեն հիվանդանոցում այցելած Ամստերդամի քաղաքապետից շնորհակալագիր ստացել»,- գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելուն, նշել էր.
«Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը»:
Վարչապետը նաև ընդգծել էր, որ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է.
«Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»: