Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շավարշ Քոչարյանին
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալիկբեկ Ջեկշենկուլովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից , շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Շավարշ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ վերջինս իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ու նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-ղրղզական բազմակողմ և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերն ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման կարևորությունը: