Իմ անձնականի և ընտանիքի անդամների մասին ինչ է եղել, ոնց է եղել, ցանկություն չունեմ հայտնելու. Առուշ Առուշանյանը՝ իրեն ձերբակալելու մասին
Հասարակություն
«Ես չեմ ձերբակալվել, երեկ էլ եմ աշխատանքի եղել, այս պահին էլ իմ աշխատանքի վայրում եմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ հերքելով տեղեկությունները, թե քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել իր և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում և նրանք ձերբակալվել են։
«Ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել, ոչ մի խուզարկություն չի կատարվել: Չեմ հասկանում՝ ինչու են նման ինֆորմացիաներ տարածում»,- նշեց Առուշանյանը:
Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Առուշ Առուշանյանը և նշեց, որ կոնկրետ իր անձնական տանը խուզարկություն չի եղել. «Մենք մի քանի տուն ունենք: Իսկ իմ անձնականի և ընտանիքի անդամների մասին ինչ է եղել, ոնց է եղել, ցանկություն չունեմ հայտնելու: Ինձ հետ կապված խնդիր չկա»,- ասաց նա:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Արամ Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակում կատարվել են խուզարկություններ ու հարցաքննություններ, բայց տվյալ գործով որևիցե անձ որևէ կարգավիճակ չունի: Նա նշեց՝ նախաքննության գաղտնիքից ելնելով այլ ինֆորմացիա չի կարող տալ:
Նշենք, որ քիչ առաջ ArmDay.am-ը գրել էր, որ երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։ Կայքի ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել՝ համայնքի ղեկավար։
