Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է ու հիմա Երևանի տարածքներ է վաճառում․ Մամիջանյան
ՔաղաքականՄենք հիասթափվելու իրավունք չունենք, հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մարդիկ մոտենում են, ասում են՝ դե ինչ անեմ, թողնեմ գնամ։ Մենք չպիտի գնանք։ Ինքը պիտի գնա»,– հայտարարեց նա։
Մամիջանյանը նշեց, որ Բրյուսելի վերջին հանդիպումներից հետո հրապարակված տեքստերում հիշատակում չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին, ո՛չ գերիների, ո՛չ էլ Արցախի սուբյեկտայնության մասին։
«Վերջնականապես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները զատվել են ղարաբաղյան հակամարտությունից։ Դա նշանում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից։ Ու մենք դա թույլ տալ չենք կարող»,– ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ պատերազմից հետո ՀՀ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի գնացել Արցախ, որովհետև եթե գնան Արցախ, ստիպված կլինեն պիտի թիկնապահներով շրջեն Արցախում։ «Բայց իրականում չեմ հավատում, որ ամոթից չեն գնում, իրենց տերերը չեն թողնում, որ գնան»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է ու հիմա Երևանի տարածքներ է վաճառում, բուհերը, ակադեմիական ավան է մտադիր կառուցել։ «Տո դուք սկի տոպրակների օրենքը չկարողացաք սարքել, որ աշխատի, ակադեմիական ավան ո՞նց եք սարքելու»,– նշեց նա։
Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձով վերջին օրերին բարձրաստիճան զինվորական սպաներին ներկայացված մեղադրանքներին։ «Ես մի խնդրանք ունեմ, պարոնայք սպաներ, խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի ու դավաճանական հրամաններ եք ստացել։ Ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլ ո՞վ է, որ իրենից վախենում եք»,– ասաց նա։
Պատգամավորը նաև դիմեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել ընդդիմությանը՝ նշելով, որ առանց նրանց ընդդիմությունը չի կարող հաղթանակի հասնել և այս իշխանություններին հեռացնել։ «Մենք հիասթափվելու տարբերակ չունենք, մենք գնալու տեղ չունենք, մենք կորցնելու հայրենիք չունենք»,– ասաց նա։