ԱԱ․ Ռինգ դուրս կգա Գուրգեն Մադոյանը
ՍպորտՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 9-ին Հայաստանի թիմն ունի մեկ մասնակից։
67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում ռինգ դուրս կգա Գուրգեն Մադոյանը։ Նրա մրցակիցը կլինի Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրը։ Երեկոյան մրցահերթում (կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ից) նրանց մենամարտը 7-րդն է B ռինգում։
Մեկնարկային մենամարտում Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին։
Հիշեցնենք, որ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչին։
Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով պարտության էր մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության է հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Նարեկ Մանասյանը 1/16 եզրափակիչում նոկդաուններով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Մբանգի Մուկիենայի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։
Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:
54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:
60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։
Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։