Հակահայաստանի ներկայացուցիչները հակահայաստանը մարմնավորող զինանշանով են ուզում փոխարինել ՀՀ պետական զինանշանը․ Ասպրամ Կրպեյան
Քաղաքական«Ցանկացած քայլ՝ ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի կողմից, միտված է մեր պետականության հիմքերը թուլացնելուն և ազգային արժեքները ոչնչացնելուն», - այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը` անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե «մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը, պետական խորհրդանիշերը պետության դեմքն են, և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի»։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը:
Կրպեյանը նկատեց` հակահայաստանի ներկայացուցիչները հակահայաստանը մարմնավորող զինանշանով են ուզում փոխարինել հավերժական Հայաստանը արտացոլող Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը։
Այն հարցին թե` արդյոք իշխանությունները չեն փորձում Հայաստանին զրկել հիմնարար արժեքներից և պատմական ավանդույթներից, պատգամավորը պատասխանեց․
«ՀՀ-ում իշխանությունը օկուպացրած հանցախումբը հետևողականորեն, դիտավորությամբ հետամուտ է հենց այդ նպատակի իրագործմանը»։
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնված պետության հետ կապ չունեն։
Զալիբեկյան Լիլիթ