Երկրապահ կամավորները միության նախագահի պաշտոնում առաջադրել են Սասուն Միքայելյանի թեկնածությունը
ՔաղաքականՓետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
Միության լրավական ծառայությունից հայտնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ է արել համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար: