Առանց թույլտվության շինաշխատանքնե՞ր են կատարում․ «Դերժավայի Արկադը» բողոքում է (տեսանյութ)
Տեսանյութեր«Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը Դալմայի այգիներում՝ Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում 16 և 18-հարկանի 4 շենքից բաղկացած համալիր է նախատեսում կառուցել։ Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի մոտ, որն առավել հայտնի է որպես «Դերժավայի Արկադ»։ Ինչպես նրա փաստաբանն է ասում, խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ կառուցվող շենքերից երևում է նախկին պատգամավորի տան բակը, ուստի հարցը հասել է մինչև դատարան։
Փաստաբանն անօրինական է համարում՝ «Լույսեր» համալիրում այս պահին շինարարական աշխատանքների կատարումը՝ նշելով՝ քաղաքապետարանը կանգնած է կառուցապատողի ետևում և աջակցում է այդ հարցում։ Թեև մեր նկարահանող խումբը եղել է շինհրապարակում և նկարահանել իրականացվող աշխատանքները, սակայն բնակելի համալիրի տնօրինությունը պնդում է՝ ընդամենը տարածքի հարթեցում է կատարվում։
Երեկ կայացած մամուլի ասուլիսին առանձնատներից մեկի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ հաղորդում է ներակայացրել իրավապահ մարմիններին ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ անօրինական ձևով շինթույլտվություն տալու փաստի առթիվ:
Ի պատասխան փաստաբանի հայտարարությունների՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ իրենց ծանուցվել է աղբահանություն կատարելու մասին։ Կառուցապատմանը դեմ կողմը նշում է՝ նախորդ տարի դիմել է քաղաքապետարան ու պատասխան ստացել, որ այդ տարածքում շինարարության թույլտվություն տրված չէ, սակայն պատահաբար տեղեկացել են, որ առանց իրենց հետ քննարկելու տարածքում շենքեր են կառուցում։
Սոնա Հարությունյան