Վահան Տերյանի առաջին նամակը զոքանչին՝ Ա. Պախալովային
Գիտություն և Մշակույթ
Ձեզ ենք ներկայացնում Վահան Տերյանի առաջին նամակը զոքանչին՝ Ա. Պախալովային.
«Մեծարգո
Ալեքսանդրա Նազարովնա,
Երեք-չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք, մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ, Ալեքսանդրա Նազարովնա, չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս, որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում: Բանն այն է, որ ախր ես առաջին անգամ եմ ամուսնանում և Ձեզ գրում եմ նույնպես առաջին անգամ, ուստի հուսով եմ, կհասկանաք, թե ինչու դա ինձ համար այնուամենայնիվ դժվար է: Իհարկե, ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր բարեհաճ վերաբերմունքի համար դեպի իմ և Սուսաննայի ամուսնությունը, Ձեր բարի ցանկությունների համար, որոնք ինձ հաղորդեց Սուսաննան: Թերևս պետք է որ Ձեզ շնորհակալություն հայտնեմ նաև այն բանի համար, որ լույս աշխարհ եք բերել իմ հարսնացուին: Կարծես այդպես էին անում փեսացուները բարի հին ժամանակներում, ինչպես այդ գրում են բարի հին վեպերում: Ասում են, զոքանչները չար են լինում, բայց ես համոզված եմ, որ ուրիշներից երջանիկ կլինեմ, և դա ինձ շատ և շատ ուրախացնում է: Ձեզ հղում եմ անկեղծ սրտագին ողջույն: Իմ կողմից բարևեցեք ձերոնց բոլորին, որոնց հետ դժբախտաբար կամ բոլորովին ծանոթ չեմ, կամ շատ քիչ եմ ծանոթ:
Կրկին ու կրկին անգամ շնորհակալ եմ Ձեզանից ամեն ինչի համար և ցանկանում եմ Ձեզ շատ–շատ տարիների առողջություն և ուրախություն: Համբուրում եմ ձեր ձեռքը:
Ձեր` Վահան
Ձեզ բարևում են Սուսանան և իմ ընկեր Ցոլակը, որը խաչեղբայր է լինելու»:
Նամակի վերջում Սուսաննան գրել է. «Սիրելի մայրիկ, ես էլ բարևում և պինդ համբուրում եմ քեզ: Լավ ենք տեղավորվել: Վահանն ինձ շատ է սիրում, ես էլ նրան»:
Նյութը` Ք. Ա –ի
