Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին. նպատակ ունեն փոխել նախաքննական մարմնի որոշումը
ԻրավունքՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին նշեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:
«Մեղադրանքի հետ համաձայն չենք, պարոն Սանասարյանն անմեղ է: Նրան ուղղված մեղադրանքը հիմքեր չունի: Մենք մեր իրավունքները պաշտպանելու համար իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք: Հավատում ենք, որ մեր իրավական համակարգում հնարավոր է հասնել արդարության»,-ասաց Արսեն Սարդարյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: