Գերմանիան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել իրենց դիմած թուրք ընդդիմադիր գործիչներին
Աշխարհ
Գերմանիան պատրաստ է քաղաքական ապաստան տալ Թուրքիայից դիմում ներկայացրած բոլոր ընդդիմադիր գործիչներին:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտնել է, որ Գերմանիան աշխարհի դեմ բաց է եւ պատրաստ է ապաստան տալ քաղաքական հայացքների եւ այլախոհության պատճառներով հետապնդումների ենթարկվող ցանկացած մարդու:
Ռոթն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եվրոպային ուղղված հայտարարություններին ասել է. «Թուրքիան այս պահին շատ հեռու է եվրոպական արժեքներից, որոնք են' ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունը, եւ մեր պատասխանն, ուղղված Թուրքիայի կառավարությանը, շատ պարզ է. այդպես չի կարելի»:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո' արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, Թուրքիայի մասնավոր եւ պետական գրեթե բոլոր ոլորտներում տեղի են ունենում մասսայական ձերբակալություններ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:
Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ