Հայտնի է դարձել Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը
Արտակարգ Պատահար
Կոլումբիայում բոլիվիական ինքնաթիռի կործանման պատճառը վառելիքի անբավարարությունն է եղել: Այս մասին հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան:
«Ժամանելով պատահարի վայր եւ զննելով բեկորները, մենք համոզվեցինք, որ օդանավը վառելիք չուներ»,- Բոնիլյայի խոսքը մեջբերել է Lider Web մեքսիկական պորտալը:
Կոլումբիացի պաշտոնյան նշել է, որ կործանված օդանավը վառելիքի անհրաժեշտ պաշար չի ունեցել: Նա հույս է հայտնել, որ հետագա հետաքննությունը թույլ կտա պարզել, թե ինչու վառելիքի սահմանված պաշար չի ստեղծվել:
Ներկայում ճանաչված են ավիաաղետի զոհերի 59 մարմիններ: Կոլումբիայի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Կարլոս Վալդեսը հայտնել է, որ զոհվածներից 52-ը բրազիլացիներ են, հինգը՝ բոլիվիացիներ, նաեւ զոհվածների թվում են Պարագվայի եւ Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:
Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել է 71 մարդ: Ավիաաղետից փրկվել են երեք ֆուտբոլիստներ՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը եւ Հելիո Սամպիեռ Նետոն, բորտուղեկցորդ Հիմենա Սուարեսը, լրագրող Ռաֆայել Հենցելը եւ ավիատեխնիկ Էրվին Տումերին: Ֆուտբոլիստներից եւս մեկը՝ Մարկոս Դանիլոն, որին ողջ էին գտել, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ եւ հատուկ հրավիրյալներ, ինչպես նաեւ 22 լրագրողներ եւ ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:
Օդանավը, որը մեկնել էր Բոլիվիայից եւ պատկանում էր Lamia բոլիվիական ավիափոխադրողին, կործանվել է Կոլումբիայի Անտիոկիայի դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու՝ Էլ Գորդո բնակավայրի շրջանում: «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմն ուղեւորվել էր Մեդելյին՝ հարավամերիկյան գավաթի շրջանակներում մասնակցելու «Ատլետիկո նասիոնալ» տեղական ակումբի հետ մրցախաղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ