«Տրակտորներ քվեարկության համար». Ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
ԱՄՆ
Ամերիկյան The Weekly Standart պարբերականը, անդրադառնալով մայիսի 6–ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, նշում է, որ վերջին 21 տարիների ընթացքում Հայաստանում կայացած յուրաքանչյուր համապետական ընտրություն Արևմուտքը մեկ քայլ առաջ է գնահատում ժողովրդավարության ճանապարհին, սակայն, հակառակ Արևմուտքի կողմից հնչող «ծափահարություններին», ընտրությունների ողջ հարվածը կրում է այդ տարածքում ապրող մի փոքր քրիստոնյա ժողովուրդը։
Հարյուրամյակներ շարունակ Օսմանյան կայսրության լծի տակ ապրող ժողովուրդը, որից 1.5 միլիոնը 1915-ին կոտորվեց թուրքերի կողմից, մաս կազմեց Խորհրդային միությանը և այդպես շարունակեց իր գոյությունը 70 տարի, ինչից հետո 1991-ին անկախ պետություն դառնալու իրավունք ձեռք բերեց։ Սակայն այդ ժամանակ արդեն բախվեց հարևանների հետ հարաբերություններ ստեղծելու խնդիրներին։ Բաց ծով դուրս գալու հնարավորություն չունեցող երկիրը շրջապատված է թշնամական երկրներով՝ մասնավորապես սահմանակից է Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին։ Վերջինս պատերազմ սանձազերծելու առիթը բաց չի թողնում ԼՂ շարունակվող հակամարտության պատճառով։ 1994–ին ավարտված ռազմական գործողությունները, շարունակվում է տեղեկատվական դաշտում, որի համար այդ փոքր պետությունը (Հայաստանը) ստիպված է օգտագործել իր բոլոր դիվանագիտական խողովակները և համաշխարհային լրատվական կոմունիկացիաները՝ «Հայաստանի թշնամիների» դեմ տեղեկատվական պատերազմում համարժեք պայքար մղելու համար։
Այս համատեքստում, ինչպես նշվում է պարբերականում, կոռուպցիայի խնդիրը չնչին հարց է, որն այնքան էլ չի մտահոգում արտաքին աշխարհին Հայաստանի քաղաքական մշակույթի համընդհանուր հետընթացի ֆոնին, որն անշեղորեն հայ ժողովրդին առաջնորդում է իր հովանավորի՝ Ռուսաստանի գիրկը։
Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը և Եվրախորհրդի ներկայացուցիչները հայաստանյան ընտրությունները «մեկ քայլ առաջ էին գնահատել»՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի` ԶԼՄ–ների միջոցով հանրությանը ներկայանալու հավասար պայմանները, քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև նախընտրական քարոզարշավի ընթացքում վեճերի և բախումների սակավությունը, որոնք համոզիչ են դարձնում ընտրությունների լեգիտիմությունը։ Սակայն զանգվածային ընտրախախտումների մասին զգույշ ակնարկ կա ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում, որտեղ մասնավորապես նշվում է քվեարկության ընթացքում զանգվածային միջամտությունների մասին։
Հոդվածում նշվում է, որ 2007–ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, երկրից 300 հազար մարդ հեռացել է, մինչդեռ 2012–ի ընտրություններին ընտրողների թիվը 200 հազարով ավելացել է։ Ընդ որում, արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիները քվեարկությանը մասնակցելու իրավունք չեն ունեցել։ Սակայն նրանց անունները և անձնագրային տվյալները, այդ թվում` մահացած մարդկանց անունները, հայտնվել են ցուցակներում։
Մեքենայություններ կատարվել են ոչ միայն ընտրատեղամասերում, այլև իշխող կուսակցության ձեռքում գտնվող վարչական ապարատը ներկայացնող հաստատություններում` դպրոցներում, հիվանդանոցներում, զորամասերում։
Հոդվածում նշվում է, թե ինչպես է նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողներին հարցրել է «արդյո՞ք նրանք ընտրակաշառք վերցնում են», որոնց մեծ մասը դրական է պատասխանել։ Ընդ որում, հոդվածում նշվում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հիշատակում է ձեռնամարտի աշխարհի չեմպիոնի (Գագիկ Ծառուկյան) ղեկավարած կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում որպես ընտրակաշառք տրակտորներ է նվիրել գյուղացիներին։
Մայիսի 6–ի ընտրություններում ռեկորդային թվով համատարած խախտումները և ընտրակաշառքի բաժանումը «ավելի խորացրեց ժողովրդի և իշխանության միջև անջրպետը, որն ավելի սպառնալի դարձրեց այն առավել քան երբևէ»։ Նման հայտարարությամբ, ինչպես նշում է հոդվածագիրը, հանդես է եկել ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը նվազագույն ներկայություն ապահովեց խորհրդարանում, և հավանաբար Հովհաննիսյանը 2013–ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում կառաջարդի իր թեկնածությունը։
Ինչպես ամփոփում է հոդվածագիրը, քաղաքական հետընթացն ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը, որից առավել օգտվում են նրա թշնամիները, և այդ առումով 2013–ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրությունները, կարելի է ասել, «Հայկական գարնան» վերջին հույսն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)