18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը
Society18-ամյա Գևորգը սպասում էր առաջնեկին, որը շուտով լույս աշխարհ է գալու: Երազում էր աղջիկ ունենալու մասին, բայց նույնքան ոգևորված է եղել, երբ իմացել է՝ տղա երեխա է ունենալու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Մարգարյանի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը:
Գևորգը 3 ամսվա զինծառայող էր, Հադրութում էր ծառայում: Թեև հարազատների հետ հաճախ էր խոսում, բայց նրանց չի հայտնել, որ դիրք են բարձրանում, առաջնագծում կռվում, նույնիսկ հետախույզ է եղել, թշնամու դիվերսիոն խումբ հետ է շպրտել, իսկ հարազատները հանգիստ են եղել, որովհետև մտածել են՝ 3 ամսվա զինծառայող է, առաջնագիծ չեն տանի:
«Տանկից են խփել Գևորգին ու շատ փոքր բեկոր սրտին էր դիպել. ակնթարթային մահ է եղել, մեր միակ մխիթարքն այն է, որ չի տանջվել ու, հավանաբար, չի էլ զգացել»,- պատմում է Սուսիկն ու հիշում՝ Գևորգի հետ վերջին անգամ խոսել է դեպքից մեկ օր առաջ, 3 ամիսների ընթացքում դա նրանց ամենաերկար զրույցն է եղել, ընդհատել են զանգը՝ հաջորդ օրը կրկին զանգելու խոստումով:
Գևորգն ամուսնացել էր իր ծննդյան օրը՝ փետրվարի 27-ին, քույրն ասում է՝ շատ էին սիրում իրար. «Երեխայի ծնվելու օրը որոշել էր գալ, ասում էր՝ հանկարծ ոչ մեկին չասեք, հրամանատարս խոստացել է, ասել է՝ ամեն ինչ կանեմ, որ գնաս»:
Երեխայի անունը դեռ չեն որոշել, բայց, հավանաբար, հոր անունը կկրի. «Գևորգն էլ ասում էր՝ իմ անունն եմ շատ սիրում, չեմ կարողանում կողմնորոշվել, բայց կարճ անուն եմ ուզում, աղջիկ լիներ՝ ավելի հեշտ կլիներ»:
Ընտանիքի միակ մխիթարանքը Գևորգից մնացած մի մասնիկն է, որդու կարոտը, ինչ-որ չափով, կկարողանան նրանից առնել:
«Շատ կյանքով լեցուն էր Գևը, իր հետ միշտ կարելի էր խոսել ամեն ինչից ու ամենքից, հանգիստ կարողանում էինք կիսվել, խորհուրդ հարցնել ու երբեք չէիր մտածի, որ 18 տարեկան է. մեկ տարվա մեջ այլ մարդ էր դարձել, հասունացել»:
Գևորգը Մասիս քաղաքից էր, ընտանիքի փոքրն ու միևնույն ժամանակ մեծ հերոսը: Երաժիշտ էր, երգում էր ու դուդուկ նվագում, դպրոցական տարիներից էլ աշխատել է:
«Միշտ ենք ասել, որ Գևը ուրիշ է ու անթերի, նպատակասլաց, մեծին հարգող ու օգնող: Տեսանյութեր ենք նայում, տեսնում առանց ձեռք ու ոտք զինվորների, ու երանի ենք տալիս ու ասում՝ մեր զինվորն էլ գար առանց ձեռք ու ոտք, գոնե, իր երեխային կտեսներ»,- նշում է Սուսիկը:
Բարության մարմնավորում էր Գևորգը, ու աշխարհից մեծ բարություն պակասեց...
Արփինե Հակոբյան