ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին
Վերլուծական
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է կոռուպցիայի դեմ պայքարով, ՀՀԿ-ն դեռևս չի հրաժարվում արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգելու փորձերից: Տեսնելով, որ ներքաղաքական դաշտում չունի քիչ թե շատ ընդգծված աջակիցներ այս հարցում նախկին իշխանությունները հույսը դրել են միջազգային հանրության, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների վրա: Իսկ Արմեն Աշոտյանի և մի քանի այլ կարկառուն հանրապետականների եվրոպական այցերը կարծես թե տալիս են ՀՀԿ-ի համար ցանկալի պտուղները. եվրոպացիները այն կարծիքին են, որ Հայաստանին առնվազն մեկ տարի է անհրաժեշտ արտահերթին նախապատրաստվելու համար: Ընտրական օրենսգիրքը ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Վահրամ Բաղդասարյանն էլ արդեն բավական հեղինակավոր հենարան ունի, որին կարող է հղում անել, ցույց տալու համար, որ միայն հանրապետականը չէ ռացիոնալ մտածում: Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամենաշատը հենց հանրապետականն է մտահոգված երկրի միջազգային իմիջով, որը կարող է տուժել, եթե Փաշինյանը ականաջալուր չլինի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և խորհուրդներին:
Թե այդ դեպքում ինչու էին հանրապետականները տարիներ շարունակ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով գետնով տալիս այդ նույն միջազգային վարկանիշը և աչք փակում տարատեսակ հանձնաժողովների հնչեցրած բարի խորհուրդների վրա՝ մեծ հարց է, որի պատասխանը իհարկե բոլորս էլ գիտենք: Բայց այժմ խորհրդարանում ԸՕ քննարկման ժամանակ հանրապետականը կարող է ցիտել եվրոպացիների կարծիքը և Փաշինյանին մեղադրել ամեն գնով իշխանությունը պահելու ցանկության մեջ: Իհարկե արահերթ ընտրությունները կայանալու են, և կայանալու են հենց այս տարի, քանի որ դա է պահանջում ոչ միայն քաղաքական ներկա օրակարգը, այլ նաև հանրային շահը: Սակայն հանրապետականների այս փոքրիկ չարաճճիությունը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել Փաշինյանի համար, քանի որ մի կողմից նժարի վրա է հայտնվելու երկրի միջազգային վարկանիշը և վերջինիս հետ ամնիջականորեն կապված ֆինանսական օժանդակությունը, մյուսի վրա՝ իշխանությունը պահելու և երկիրը սահմանադրական ճգնաժամից փրկելու անհրաժեշտությունը:
