Միայն իրավիճակային կիսատ լուծումներ են տրվում. Արթուր Բաղդասարյանը գոհ չէ Փաշինյանից
Քաղաքական«2014թ Սերժ Սարգսյանի հետ ունեցած անհամաձայնության պատճառով ես դուրս եկա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, թիմս ևս դուրս եկավ քաղաքական միավորից ու արդեն հինգ տարի է պաշտպանում ենք մեր հասարակության շահերն ու առաջարկում այլընտրանքային դիրքորոշումներ»,- այս մասին այսօր հրավիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախորդ տարի իրենց՝ ԱԺ չհայտնվելու գլխավոր մեղավորը Սերժ Սարգսյանն է եղել։
Բաղդասարյանն ինչպես նախորդ ելույթներում, այս անգամ ևս կրկնեց, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ապրիլին տեղի ունեցած հեղափոխությանը։
Չնայած սրան, Բաղդասարյանը պնդում է, որ ուսումնասիրելով այս 7 ամիսները, որոշել է մասնակցել ընտրություններին, քանի որ չի տեսնում Հայաստանի առաջխաղացմանը նպաստող ծրագրեր, այլ տեսնում է միայն իրավիճակային կիսատ լուծումներ։
«Չենք տեսնում երկրի ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, տեսնում ենք օրեցօր աճող մարտահրավերներ ու սպառնացող ելույթներ Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև չունենք արտաքին քաղաքականության ոլորտում առաջխաղացում։ Գնալով աճում է լարվածությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Իրանի հետ»,- մանրամասնեց Բաղդասարյանը` հավելելով, որ տեսնում է ներդրումների նվազում, ավելին՝ բացակայություն։
Արթուր Բաղդասարյանը նշեց նաև, որ ՕԵԿ-ն ունի բավարար խելք ու փորձ մրցունակ ծրագրեր ներկայացնելու համար։