4-ամյա աղջիկը փրկել է իր մոր կյանքը
OtherԱնգլիական Սաութհեմփթոն քաղաքի 4-ամյա բնակչուհին փրկել է իր մոր կյանքը, ով ասթմայի ծանր նոպա է ունեցել:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, 32-ամյա Քեթի Համֆրիսն իր 4-ամյա դստեր՝ Ֆեիի հետ խաղալիս է եղել իր տանը: Այդ պահին կինը ասթմայի ծանր նոպա է ունեցել: Ինհալատորը չի օգնել Քեթիին շնչել, և նա սկսել է կորցնել գիտակցությունը:
Կինն իր դստերն ասել է՝ «Ինձ օգնություն է պետք», և 4-ամյա աղջիկը շտապօգնություն է զանգահարել ու բժիշկների կանչել: «Մայրս չի կարողանում շնչել»,- աղջիկն ասել է օպերատորին՝ հայտնելով նաև իր մայրիկի ազգանունը:
Շտապօգնության բուժանձնակազմը ժամանել է Համֆրիսի տուն, նրանց առջև դուռը բացել է 4-ամյա Ֆեիը:
Սակայն, կինն ասթմայի նոր նոպա է ունեցել, և բժիշկները նրան ադրենալին են ներարկել ու տեղափոխել հիվանդանոց:
«Եթե չլիներ նա, ես չեմ կարծում, որ հիմա ողջ կլինեի: Ես չէի կարողանում շնչել: Դա ասթմայի ամենասարսափելի նոպան էր, որ երբևէ ինձ հետ պատահել է»,- ասել է Քեթին: