Արթուր Աբրահամն ԱԺ-ում խոսել է Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին
SportՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Սիսակ Գաբրիելյանը բարձր է գնահատել անվանի մարզիկի ներդրումը հայ սպորտի տարեգրության մեջ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով բավականին հատկացումներ են նախատեսվել հատկապես մանկապատանեկան եւ մասսայական սպորտի զարգացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս մեր մարզիկները մրցասպարեզներում լավ արդյունքներ ցույց կտան, եւ Հայաստանի պետական հաղթական դրոշը շատ ու շատ անգամ կբարձրացվի:
Արթուր Աբրահամը պատգամավորներին ներկայացրել է իր անցած ճանապարհը, ինչպես նաեւ խոսել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:
Ներքին Չարբախում մեծացած անվանի մարզիկը այգի է հիմնել իր մանկության խաղահրապարակում: Այգու շարունակությամբ կառուցվելու է Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց: Նա նշել է, որ համատեղ ջանքերով պետք է խրախուսել սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպը, իսկ հնարավորինս մեծ թվով երիտասարդների սպորտի մեջ ներգրավելն իր ծրագրի կարեւոր բաղադրիչն է: Լավագույն կադրերը կվերապատրաստվեն աշխարհի տարբեր մարզական կենտրոններում: Բռնցքամարտիկի երազանքն է, որ Հայաստանը սպորտի ասպարեզում լուրջ ձեռքբերումներ ունենա:
Կարեն Գիլոյանի ներկայացմամբ՝ ծավալուն աշխատանքներ են իրականացվելու՝ ի նպաստ սպորտի զարգացման: Կառուցվելու են մարզադպրոցներ աշխարհահռչակ մարզիկների անուններով, իսկ 2022 թվականին մարզադպրոցները կհամալրվեն որակյալ եւ ժամանակակից մարզագույքով: Գնահատելով Արթուր Աբրահամի նախաձեռնությունը՝ փոխնախարարը նշել է, որ պետական, նպատակային աջակցությամբ կունենանք եւս մեկ կարեւոր մարզադպրոց:
Առաջիկայում հանդիպելու եւ առարկայական քննարկումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: