Թուրքերի 56 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի սահմաններից դուրս որոշ տարածքներ իրականում պատկանում են իրենց
World PressՀունաստանի ներկայիս եւ ապագա կառավարությունները Թուրքիայի հետ հարաբերություններում հայտնվել են վտանգավոր իրողության առջեւ։ Այս մասին հունական Kathimerini թերթում գրում է «Թուրքական տարածքներ Թուրքիայի սահմաններից դո՞ւրս» հոդվածի հեղինակ Թոմ Էլլիսը։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակից թուրքերից շատերը՝ 56 տոկոսը, կարծում է, որ Թուրքիայի սահմաններից դուրս որոշ տարածքներ իրականում պատկանում են Թուրքիային։
Սա բազմաթիվ մտահոգիչ բացահայտումներից մեկն է, որոնցից մի քանիսը անուղղակի, բայց ակնհայտորեն անհանգստացնում են Հունաստանին եւ Կիպրոսին:
«Security Radar 2022 հետազոտությունն ընդգրկում է 14 երկիր, ներառյալ՝ Թուրքիան, եւ կենտրոնանում է պետական քաղաքականության եւ անվտանգության միտումների վրա: Պարզ է դառնում, որ վերջին տարիներին, եւ նույնիսկ դրանից առաջ, թուրքական հասարակության մեջ արմատավորվել է ռեվիզիոնիստական մոտեցում այն աշխարհագրական տարածաշրջանի նկատմամբ, որտեղ այն գտնվում է:
Թուրքիան ազգային ենթագիտակցության մեջ ներկայացված է որպես մի երկիր, որը վիրավորված է գոյություն ունեցող ստատուս-քվոյից, որը նախագահ Ռեջեփ Էրդողանն իր 20 տարվա հեգեմոնիայի ընթացքում, կարծես թե, ցանկանում է շրջել։ Նրա դեպքում Օսմանյան կայսրության մասին հիշատակումները հարստացված են իսլամի առաջատար դերով:
Հարցումն էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, եթե հաշվի առնենք եւս մեկ արդյունք։ Թուրքերի 80 տոկոսը կարծում է, որ իր երկիրը խոշոր տերություն է եւ պետք է առաջատար դեր ունենա միջազգային իրադարձություններում, ընդ որում ճնշող մեծամասնությունը կարծում է, որ թուրքական բանակը պետք է լինի այդ դերի կենտրոնում․․․Այս համատեքստում ավելի քան 60 տոկոսը պաշտպանում է պաշտպանական ծախսերի հետագա ավելացմանը։
Մինչ Թուրքիայի նախագահը վերջերս փոխեց իր քաղաքականությունը տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ, որոնցից ամենաակնառու օրինակն Իսրայելն է։ Նա քիչ պատրաստակամություն է ցուցաբերում նույնը Հունաստանի դեպքում անելու հարցում։
Եվ այդ հարցում նրան աջակցում է թուրքական հասարակության մեծամասնությունը, որը դաստիարակված է Հունաստանի օգտին հող կորցնելու խեղաթյուրված նարատիվով։
Հունաստանում իրական սպառնալիքների հետ կապված անհրաժեշտ է երկրի պաշտպանական զինանոցի քանակական եւ որակական արդիականացում։
Մյուս կողմից, Թուրքիայում գրեթե ողջ գաղափարական սպեկտրի քաղաքական գործիչները, կարծես, բավարարում են ժողովրդական տրամադրություններին՝ հանդես գալով հօգուտ սպառազինությունների ավելացման։
Էքսպանսիոնիզմը արմատավորվել է թուրքական ազգային ենթագիտակցության մեջ: Եվ դա ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ դժվար շրջելի»,-նշում է հոդվածի հեղինակը։