Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին
ArmeniaՍահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ:
Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Արձագանքելով գլխավոր դատախազի առաջարկին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ասել է, որ նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ։