«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը՝ քրեական քրոնիկոնի «աստղ». Արթուր Պողոսյանի ոդիսականը շարունակվում է
AnalyticalՀեղափոխությունից հետո մի շարք ընկերություններ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում և դրանցից մեկն էլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենի՝ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ Արթուր Պողոսյանի անվան և վերջինիս ղեկավարման ընթացքում արձանագրված խախտումների շուրջ աղմուկը չի դադարում մինչ օրս:
Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում էին ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ էր դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից:
Սա առաջին ծիծեռնակն էր, որի արդյունքում Արթուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
Միևնույն ժամանակ, բազմիցս մտահոգություններ էին հնչում առ այն, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը պատշաճ չի քննվում, քանի որ ընկերության ներկայիս տնօրեն Արթուր Պողոսյանն Արաբկիրի քննչական վարչության պետն է եղել։ Ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ իրենց որպես վկա չեն հարցաքննում, մինչդեռ ինֆորմացիա ունեն փոխանցելու նախաքննության մարմնին՝ փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Վերջիններս նույնիսկ բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չհետևեց:
Դատալեքս կայքից պարզ է դառնում, որ Պողոսյանի կայացրած որոշումների դեմ դատարան ներկայացրած հայցերի պակաս չի նկատվել և խոսքը բացարձակապես մեկ կամ երկու աշխատակցի մասին չէ: Դատական գործընթացները շարունակվում են մինչ օրս:
Այսքանով Արթուր Պողոսյանի ոդիսականը չավարտվեց: Արդեն 2022 թվականի փետրվարին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի վարույթում քննվող քրեական գործով Պողոսյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝ ՀՀ Քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար: Տվյալ փուլում քննչական կոմիտեն հրաժարվել է գործի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել:
Սա էլ դեռ բավական չէ՝ 2019 թվականի սեպտեմբերին Պողոսյանի եղբորը՝ Կարեն Պողոսյանին, նույնպես մեղադրանք էր առաջադրվել, այս անգամ՝ խուլիգանության գործով՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Կարեն Պողոսյանն, ի դեպ, աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ-ում` որպես տրավմատոլոգ-օրթոպեդ։
Ուշագրավն այս ողջ պատմության մեջ այն է, որ չնայած իր դեմ ուղղված դատական հայցերի և իրավապահ մարմինների կողմից ներկայացված մեղադրանքների տեղատարափին` «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենը ժամանակ է գտնում ազատ մամուլի դեմ հայցեր ներկայացնելու համար: Հայցեր, որոնց ապահովման միջնորդությունները անգամ դատարանի կողմից են անհիմն դիտարկվում, ինչը, թերևս, խոսում է դրանց իրավաչափության աստիճանի մասին:
Հ.Գ. Հաջորդիվ կանդրադառնանք նաև Արթուր Պողոսյանի կողմից ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում արձանագրված խնդիրներին և բացթողումներին: Իսկ այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Պողոսյանի կողմից կայացրած որոշումների և կատարած գործողությունների արդյունքում, խնդրում ենք ունեցած տեղեկություններն ուղարկել մեր խմբագրության` [email protected] էլեկտրոնային հասցեին: