Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ. Թաթոյան
RightՍյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում:
Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը։ Խաղաղ բնակիչների անգամ տները, տնամերձ հողամասերը, դպրոցը կամ մանկապարտեզը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Այս ամենին էլ գումարվում է ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը:
Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։
Այցի արդյունքներն առավել մանրամասն հատուկ սկզբունքով կվերլուծվեն, կամփոփվեն և զեկույցով կհրապարակվեն։ Դրանք կուղարկվեն նաև միջազգային կառույցներին: