Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության նորմը խախտած վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլև դրանց դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը։
Ինչպես տեղեկացրել ենք, պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։
Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։