Փրկել են երեք ամիս Խաղաղ օվկիանոսում անցկացրած ավստրալացուն և նրա շանը
OtherԱվստրալացի նավաստի Թիմ Շեդոքը, ով մոտ երեք ամիս անցկացրել է Խաղաղ օվկիանոսում, իրեն լավ է զգում, ասում են բժիշկները: Հուլիսի 12-ին Մեքսիկայի ափերի մոտ 51-ամյա ավստրալացուն և նրա շանը՝ Բելլային, փրկել է ձկնորսական նավը, գրում է BBC–ն։
Սիդնեյում ապրող Շեդոքը ծովային ճանապարհորդության սիրահար է։ Ապրիլին նա որոշել է հաղթահարել ավելի քան 6 հազար կիլոմետր՝ Մեքսիկայից դեպի Ֆրանսիական Պոլինեզիա։
Նրա փոքրիկ նավը լքել է մեքսիկական Լա Պազ նավահանգիստը, սակայն մի քանի շաբաթ անց փոթորիկը խափանել է էլեկտրոնիկայի և ռադիոկապի համակարգերը, և այդ ժամանակվանից ի վեր նավը շարժվել է հոսընթացով օվկիանոսի ջրերում:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես են ընթացել ավստրալացու որոնումները, որքան մասշտաբային են դրանք եղել և ինչու արդյունք չեն տվել մի ամբողջ երկու ամիս։ Հաղորդվում է միայն, որ հուլիսի 12-ին նավը նկատել է մի ուղղաթիռ, որից հետո ժամանել է թունա ձկնորսության մեջ մասնագիտացած նավը։
«Ես շատ փորձությունների միջով եմ անցել ծովում: Հիմա ինձ միայն հանգիստ և լավ սնունդ է հարկավոր։ Ես երկար ժամանակ է՝ թերսնված եմ»,- ասել է Թիմ Շեդոքը ավստրալիական 9 News հեռուստաալիքին:
Ինքը՝ Շեդոքը, իր վիճակը բավարար է գնահատում։ Նրա շան վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Նավաստիի խոսքով՝ իրեն օգնել են գոյատևել ձկնորսական ցանցերը, որոնց օգնությամբ նա ձուկ է բռնել և շան հետ հում վիճակում կերել, ինչպես նաև անձրևաջուր է խմել։ Արևից ավստրալացին պաշտպանվել է իր նավի ծածկի տակ։
Նշվում է, որ Շեդոքը և շուն Բելլան որոշ ժամանակ կանցկացնեն մեքսիկական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: