Բաղդադում ցուցարարները այրել են Շվեդիայի դեսպանատունը (տեսանյութ)
VideoԻրաքի մայրաքաղաք Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն և այրել այն, հինգշաբթի՝ հուլիսի 20-ին, հայտնում է Reuters-ը։
Նրանք բարձրացել են շենքի պատերին ու հրկիզել դեսպանատունը՝ ի նշան Շվեդիայում Ղուրանի այրման դեմ բողոքի։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Շվեդիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը և հայտարարել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության անհրաժեշտության մասին։
Թե որքանով է տուժել Շվեդիայի դեսպանատունը, չի նշվում։
Անկարգությունները կազմակերպել են շիա հոգևորական Մուկթադա Սադրի կողմնակիցները։ Նրանք բողոքում են Շվեդիայում Ղուրանի այրման դեմ։ Նախօրեին ոստիկանությունը հավանություն է տվել Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ հասարակական հանրահավաք անցկացնելու հայտին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ակցիայի կազմակերպիչները կարող են այրել Ղուրանը և Իրաքի դրոշը։
Հունիսի վերջին Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերը և այրել այն Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Մեդբորջարպլացեն հրապարակում։ Այս օրը աշխարհի մուսուլմանները նշում էին Կուրբան Բայրամը՝ գլխավոր կրոնական տոներից մեկը: