Գյումրիում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքը
SocietyՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը:
Հաջորդիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ, որտեղ տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու միջոցառման ծրագրին առնչվող մանրամասներ։