Ինչ կապ ունի Կրեմլը Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետ․ Պեսկովի մեկնաբանությունը
WorldՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, թե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով։ Նրա պատասխանի ձայնագրությունը հրապարակել է «Մայակ» ռադիոկայանը։
BBC-ի թղթակիցը Պեսկովին խնդրել է մեկնաբանել Պրիգոժինի բիզնես-ջեթի կործանման մեջ Կրեմլի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունները:
Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ այս ավիավթարի և «ինքնաթիռի ուղեւորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի» ողբերգական մահվան շուրջ «շատ շահարկումներ կան»։ «Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները ներկայացվում են որոշակի տեսանկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հորդորել է «հիմնվել փաստերի վրա», որոնք, ըստ նրա, դեռ շատ չեն։ «Դրանք դեռևս պետք է ճշտվեն այս պահին իրականացվող քննչական գործողությունների ընթացքում»,- ընդգծել է նա։
Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր Տվերի մոտ տեղի ունեցած ավիավթարի մասին։ «Նախագահն ասել է, որ սպասում է հետաքննության արդյունքներին, որը կավարտվի տեսանելի ապագայում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։