«Եռաբլուրում» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ծեծելու կասկածանքով քաղաքացի է ձերբակալվել
SocietyՔննչական կոմիտեն այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վերաբեյալ հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն նկատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը:
Նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն»: