Մի՛ լսեք ձեզ սպառնացողներին, կատարեք ձեր պարտքը․ բաց նամակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին
PoliticalՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի բաց նամակը Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին․
«Մեծարգո պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թե ինչ դժվար կացության մեջ եք և լավ իմանալով, թե որքան հակասական առաջարկներ եք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի հայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապես անտեսելու կապակցությամբ։
Ես նաև տեղյակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնույթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղվում է դեպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են ավարտին հասցնել սև գործը և գալիք տարվա հունվարի մեկին վերջնականապես արձանագրել Արցախի Հանրապետության մահը։
Աստծո կամոք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժվար ու ռիսկային որոշում է։ Բայց նաև պատվաբեր։ Դուք պետք է չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսեք իրավաբաններին։ Մի՛ լսեք տարատեսակ պաշտոնյաներին։ Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին։ Կատարեք Ձեր պարտքը՝ պաշտպանեք Արցախի Հանրապետությունը։
Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր հաջորդ հրամանագրի տեքստը պետք է հասանելի լինի հանրությանը։ Այն պետք է տարածվի նույն հարթակներով, որոնցով ժամանակին տարածվել է Արցախին պարտադրված չարաբաստիկ թուղթը։ Աճպարարություններն ու բառախաղերը չեն ընդունվելու։ Չեն ընդունվելու նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպես չէ։ Հավատացնում եմ՝ հենց այդ «իրավական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։
Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրվա խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագա չունի։ Դուք պարտավոր եք պահպանել հայկական երկրորդ պետության համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժեք կապիտուլյացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմության մեջ Ալիևն ու Փաշինյանն էին ճիշտ։ Որ նրանք հաղթեցին Ձեր տեսակին։
Մեծարգո պարոն Նախագահ, պատկերացրեք Ձեզ հունվարի 1-ին, այն բանից հետո, եթե հանկարծ մինչ այդ չչեղարկեք հայտնի հրամանագիրը։ Ո՞վ եք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ եք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրվա Ձեր տառապանքները ոչինչն են այն օրվա Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջև չկանգնեցնեք։
Պարոն Շահրամանյան, հուսով եմ կներեք իմ այսչափ բաց և հանդուգն նամակը։ Հավատացեք՝ այս խոսքերը բխում են Արցախի, բայց նաև Ձեզ համար սրտացավ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանա Ձեր՝ Արցախի համար ամենադժվար պահին պատասխանատվություն ստանձնելու խիզախությունը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաև սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնվի։
Ուզում եմ հունվարի մեկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի…
Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը։ Թող ամենակալ Տերն ուժ և իմաստնություն պարգևի Ձեզ։
Աստծով»։