Աճել են ներմուծվող ապրանքների անհամապատասխանությունների հայտնաբերման թվերը
EconomyՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անցած տարի տրամադրվել է 23 հազար 686 ներմուծման հավաստագիր՝ նախորդ տարվա 23 հազար 572-ի փոխարեն:
Այս մասին 2023 թվականի գործունեության ամփոփմանը տեղեկացրեց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանն՝ անդրադառնալով սահմանային վերահսկողության ժամանակ արձանագրված արդյունքներին:
«Երբ նայում ենք այն բեռների խմբաքանակին, որոնց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն մինչև թույլտվություն ներկայացնելը, ունեցել ենք բարելավում. եթե 2022 թվականին 20 խմբաքանակից 4 փաստաթղթային անհամապատասխանություն ենք ունեցել և 16 լաբորատոր բացասական պատասխաններ, ապա 2023 թվականին արդեն 79 խմբաքանակի նկատմամբ է սահմանափակում կիրառվել, երկիր չեն մտել, որից 5-ը փաստաթղթային զննմամբ պայմանավորված և 74-ը լաբորատոր արդյունքներով»,-մանրամասնեց Հայրապետյանը՝ կարևորելով սահմանին իրականացվող վերահսկողական գործառույթը, որի շնորհիվ երկիր մուտք չեն գործել տեխնիկական կանոնակարգերի ցուցանիշներին ու անվտանգությանը չհամապատասխանող, փաստաթղթային անճշտություններ ունեցող ապրանքներ:
Ներմուծվող յուրաքանչյուր խմբաքանակից վերցվում է նմուշ և ուղարկվում լաբորատոր փորձաքննությունների:
Անցած տարի 2261 նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության՝ 2022-ի՝ 2893 նմուշի փոխարեն:
Լաբորատորիայի հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 74 անհամապատասխանության դեպքեր՝ 16-ի դիմաց:
Հայրապետյանի խոսքով՝ հայտնաբերումների դեպքերը նախորդ տարվա համեմատ 2023 թվականին մոտ 6 անգամ ավելացել են: