Այսօր էլ շրջանառվում են H1N1, H3N3 շտամները. Ավանեսյան
ArmeniaՄենք, իհարկե, շատ մանրակրկիտ ամենօրյա դիտարկում ենք իրավիճակը թե՛ հիվանդացության և նաև հոսպիտալացման ցուցանիշների: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Անցած շաբաթ խորհրդակցության արդյունքում որոշված միջոցառումների շրջանակներում այս շաբաթից սկսվել է ֆիլտրման աշխատանքը դպրոցներում: Արդեն իսկ ունենք դպրոցների շեմի մոտ բուժքույրերի կողմից ջերմաչափման և այլ սիմպտոմների հստակ վերահսկման գործիքակազմը: Բացակայությունների մասով մենք մնում ենք դեռ մինչև 2 տոկոսի շեմի մեջ, որոնք այս սեզոնի համար դեռ նորմայի շրջանակներում են: Մենք ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով ընթացիկ փոփոխում ենք մեր օգտագործվող գործիքակազմերը»,- նշեց նախարարը:
Նա նշեց, որ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, և այն իրականացվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած: «Հայաստանը ներմուծում է լավագույն պատվաստանյութը, որը մշակված է լինում տվյալ տարվա ամենաակտիվ շտամների դեմ և անվճար հիմունքերնով ռիսկի խմբերին, մինչև 12 տարեկան երեխաներին, 65+ բնակչությանը, քրոնիկ հիվանդներին և մնացած մեր բնակչությանը հասանելի է: Ուստի հորդորում եմ, որ պաշտպանվեք այս վիրուսային գրիպներից: Խոսքը հարբուխին չի վերաբերում, այլ հենց իրենից վտանգ ներկայացնող վիրուսային գրիպներին: Այսօր էլ շրջանառվում է H1N1, H3N3 շտամները, որոնց դեմ պայքարի լավագույն միջոցը հենց պատվաստումն է: Հոսպիտալացման ցուցանիշների մասով պետք է ասեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար շատ փոքր է տարբերությունը, աճի միտումը ևս դեռ փոքր է, բայց կա: Շաբաթական մոնիթորինգի գործիքակազմը պահպանելով՝ մենք իրականացնում ենք մեր պլաններով հաստատված, սահմանված միջոցառումները կանխարգելելու և նաև հոսպիտալացման ընթացքում ավելի ճիշտ, հստակ, գրագետ, տրիաժավորում իրականացնելու, որ այն դեպքերը, որոնք խիստ անհրաժեշտ է, որ հոսպիտալացվեն, չունենան մերժումներ»,- ասաց նախարարը: