ԱՄՆ-ն չի պատրաստվում «բռնել» իր դաշնակից Իսրայելի ձեռքը՝ հանուն Երուսաղեմի հայ համայնքի պաշտպանության
AnalyticalԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից գաղտնի կնքված անշարժ գույքի պայմանագրով Իսրայելի հայկական թաղամասի մոտ 25 տոկոսն օտարվել է: Այժմ Սուրբ քաղաքի բնակիչները պայքարում են իրենց պատմական հողը պահելու համար: Իրավիճակը լարվեց շաբաթներ առաջ, երբ դիմակավորված անձինք՝ մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում գործեցին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում գտնվող հայերի վրա, ինչի արդյունքում ծանր վիրավորում էին ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր:
Միջազգային հանրությունը բնականաբար լռում է և չի ցանկանում որևէ կերպ սաստել Իսրայելի իշխանություններին: Հարցը բարձրաձայնել է միայն ռուսական կողմը: Այսպես՝ հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ «Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք, որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,- հայտարարել էր Զախարովան։
Երեկ էլ Իսրայելում ՌԴ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որ Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ քննարկել է Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգու» հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը: Պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակվող աննախադեպ սրման ֆոնին շեշտվել է Սուրբ Երկրում իսկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Երուսաղեմում ստատուս քվոյի և միջկրոնական հավասարակշռության պահպանումը:
Ինչպես տեսնում ենք, ռուսական կողմը այս կամ այն ձևաչափով անրադառնում է վերոնշյալ խնդրին, ինչը չես ասի Նիկոլ Փաշինյանի կողմից հապճեպ կերպով դաշնակից հռչակած արևմուտքի և մասնավորապես՝ ԱՄՆ-ի մասին: Կասկած չկա, որ Թել Ավիվի ռազմավարական գործընկեր և դաշնակից Վաշինգտոնը ցանկության դեպքում ուներ բոլոր լծակները Իսրայելի իշխանությունների վրա ճնշում գործադրելու և հայկական թաղամասի հանդեպ ոտնձգությունները կասեցնելու համար: Ամերիկյան պաշտոնյաները, պետդեպը, որը պատեհ և անպատեհ առիթներով խոսում է ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին, անգամ նեղություն չեն քաշել մեկնաբանելու ստեղծված իրավիճակը: Սա թերևս լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպիսի պատրաստակամություն է դրսևորում արևմուտքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում և նրա, թե իրականում ում է ԱՄՆ-ն իրեն իրական դաշնակից համարում: