«Ժողովուրդ». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է
Armenian Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է: Ըստ փաստաբանի՝ Գլխավոր դատախազությունը բոլոր ատյանները դիմել է, բայց դատարանի որոշմամբ Սրբազանն արդարացվել է:
2023 թվականին գրել էինք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։
Պարզվել է, որ գործը վերաբացվել է՝ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։
Ըստ գործարարի. «ՀՀ քաղաքացի Ս. Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը եւ նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Ա. Ս.-ին (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է -խմբ.)՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ բանկերից մեկի միջեւ կնքված պայմանագրով Ա. Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար եւ 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:
Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ա. Ս.-ն կատարել է մի շարք բանկային եւ առեւտրային գործարքներ, մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն եւ Ս. Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ ճանապարհ են անցել, եւ ինչպես է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արդարացվել»: