«Ժողովուրդ». «ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել
Armenian Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից: Իհարկե, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն տուգանքը վիճարկում է դատարանում, սակայն խնդիրը խոշոր գումարների է վերաբերում:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված ընկերությունը պահանջում է դատարանից տեսչական մարմնի 27.12.2023 թվականի թիվ 152 ստուգման ակտը, 27.12.2023 թվականի թիվ 97 բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների /սահմանափակումների/ ստուգման ակտը եւ 27.12.2023 թվականի թիվ 152 բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների /սահմանափակումների/ ակտը ամբողջությամբ վերացնել եւ որպես հետրեւանք ակտին կից ներկայացված հաշվարկները, արձանագրությունը, 31.01.2024 թվականի խախտումները վերացնելու մասին թիվ 04 հանձնարարականը, ինչպես նաեւ 31.01.2024 թվականի վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին թիվ Կ/04-24-Վ որոշումը, 31.01.2024 թվականի վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին թիվ Կ/05-24-Վ որոշումը անվավեր ճանաչել:
Ինչ կվճռի դատարանը՝ կհետեւենք ընթացքին, բայց արձանագրենք, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սա միակ աղմուկը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել:
Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թվս այլոց, նաեւ
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն»։