Արևմուտքը հասկացնում է, որ չի պատրաստվում ստանձնել ՀՀ անվտանգության երաշխավորի դերը
AnalyticalԵվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին օրերս ուշագրավ հարցազրույցով էր հանդես եկել, որի ընթացքում փասացի բացահայտել էր՝ ԵՄ-ի Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալու պատրաստակամության մակարդակը: «Կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է շուտով նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, և միակ բանը, որը կարող է խանգարել Ադրբեջանի հարձակման ցանկությունը, Եվրոպայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ինչու ոչ Ռուսաստանի համատեղ աջակցությունն է»,- ասել է պատգամավորը: Միևնույն ժամանակ Ալֆոնսին ընդգծել է, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, միակ բանակը, որը կռվելու է, հայկական բանակն է: Այսպիսով պատգամավորը ցրել է այն մտայնությունը, որ հավանական պատերազմի դեպքում Մակրոնը կարող է ֆրանսիական զորք ուղարկել Հայաստան: Ֆրանսիայի հավանական մասնակցությունը Ալֆոնսին սահմանափակել է միայն դիմադրության որոշակի միջոցներ տրամադրելով:
Բացարձակապես օրեր առաջ այդ նույն բանը շատ պարզ ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, երբ նրան շատ ուղիղ հարցեր տվեցին Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: Երբ ուղիղ հարց տվեցին, թե ԵՄ-ն որքանո՞վ կարող է ավելի խորը դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունը, շատ պարզ պատասխան հնչեց, որ ԵՄ-ն դա դիտարկում է ոչ թե Հայաստանի հետ առանձին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու այդ հարաբերությունից է կախված, թե ինչպիսին կլինի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ:
ԱՄՆ նախագահը ՀՀ անկախության տոնի առիթով շատ պարզ ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որում ասվում էր, որ Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքը խաղաղությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Արևմուտքը:
Նմանատիպ արձագանք է տվել նաև ԵԽ ղեկավար Շառլ Միշելը: «Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել. «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:
Ինչպես տեսնում ենք՝ Արևմուտքից եկող մեսիջները հստակ են՝ Հայաստանը կարող է պաշտպանել միայն հայը, հայ զինվորը, իսկ Արևմուտքը, ինչպես և Ուկրաինայի դեպքում, այս դեպքում էլ չի պատրաստվում ռազմական գործողությունների մեջ մտնել՝ հանուն հայ ժողովրդի: Ստացվում է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը պոկել ՌԴ-ից, զրկել միակ ռեալ անվտանգության երաշխիքից՝ փոխարենը չառաջարկելով անվտանգության այլ համակարգեր և երաշխիքներ: