«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Անահիտ Ավանեսյան, Արսեն Թորոսյան
AnalyticalՀայաստանյան պաշտոնյաները շարունակում են աչքի ընկնել իրենց հակասական վարքագծով և հայտարարություններով, որոնք չեն վրիպում ոչ հասարակության, ոչ էլ, անշուշտ, լրատվամիջոցների հայացքից: Այդ հակասական հայտարարությունների անգամ հպանցիկ վերլուծությունը վեր է հանում այն անսկզբունքայնությունը, որը ընկած է մի շարք պաշտոնյաների աշխատանքային գործունեության հիմքում:
Այդ պաշտոնյաների շարքին է դասվում նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:
Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ հանրային մեծ աղմուկի ճնշման տակ Անահիտ Ավանեսյանն ասել է մի բան, որն իրականության մեջ չկա՞…
Ամիսներ առաջ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը և երբ որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու։ Բայց, 2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Իսկ ահա թե ինչ «սկզբունքայնությամբ» է աչքի ընկել առողջապահության արդեն նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը: 2019 թվականին, երբ դեռ պատերազմ չկար, Արսեն Թորոսյանը մի այնպիսի ոգևորությամբ էր շնորհավորում Արցախի անկախությունը, որ թվում էր, թե ինքն այդ անկախության կերտողներից մեկն է․ «Ազատ Արցախ, շնորհավոր անկախությանդ տոնը։ Արդեն 28 տարի է` քո հերոսական հայ ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի ապրելու ազատ և անկախ երկրում, և մենք բոլորս ամեն ինչ անելու ենք այդ իրավունքը անխախտ պահելու համար»,- գրել էր Թորոսյանը։
2020 թվականին նա հայտարարում էր բառացիորեն հետևյալը՝ «Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը»։
Իսկ ի՞նչ է ասում նա հիմա։ «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք»,- անկեղծանում է Թորոսյանը։
Շարունակելի...
։