«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Հայկ Ղալումյան, Ռոբերտ Ղուկասյան
AnalyticalՇարունակելով ներկայացնել ՔՊ-ական սկզբունքայնությամբ աչքի ընկած պաշտոնյաներին՝ այսօր կանդրադառնանք Տավուշի և Սյունիքի մարզպետներ Հայկ Ղալումյանին և Ռոբերտ Ղուկասյանին:
Սկսենք նրանից, որ Հայկ Ղալումյանի հերքումներն այնքան հեռու են գնացել, որ վերջինս անգամ մինչ իր նշանակումը հերքում էր այդ մասին տարածվող լուրերը և թերևս պետք է որ անչափ զարմացած լիներ, երբ այդ հերքումներից հետո ընդամենը օրեր անց ստանձնեց սույն պաշտոնը: Կամ Ղալումյանը պաշտոնը ստանձնելու նախօրեին էր իմացել, որ իրեն նման կարիերային թռիչք է սպասվում և, իհարկե, միանգամից համաձայնվել է, կամ վերջինս փորձում էր մոլորեցնել հանրությանը և ԶԼՄ-ի ներկայացուցիչներին:
Ժամանակին Հայկ Ղալումյանը պատասխանելով Տավուշի մարզից հողեր հանձնելու մտադրության մասին հարցին՝ ասել էր հետևյալը․ «Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարչապետը խոսել է այն հանձնաժողովի անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնի։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել։ Չէի կարող խոսել և չեմ կարող խոսել, որովհետև այդ հարցի վերաբերյալ իմ պատկերացումն այդպիսին չէ»:
Այժմ Ղալումյանը մտափոխվել է, ինչպես երևում է նրա պատկերացումներն այս հարցի վերաբերյալ լուրջ տրանսֆորմացիա են ապրել և դա է պատճառը, որ մարզպետը հայտարարում է, թե 4 գյուղերը ոչ միայն պետք է հանձնվեն, այլ մի բան էլ դրանք երբեք հայկական չեն եղել:
Այժմ անցնենք Սյունիքի մարզպետին: Վերջինս դեռ 2021 թվականին հայտարարում էր, որ մինչև տարվա վերջ Շուռնուխ գյուղի 13 տները կհանձնվեն իրենց տերերին: Այն տերերին, ում տներն այս իշխանությունը փաստացի նվիրաբերել էր ադրբեջանցիներին և դրա փոխարեն այլ կեցավայր էր խոստանում կառուցել:
4 տարի անց այդ խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ դեռ մի բան էլ մարզպետը հետաքրքիր պատճառաբանություն է գտել՝ ի՞նչ անենք, որ շուռնուխցիներն առանց տուն են մնացել, կարևորը որ՝ հանրապետության մնացած հատվածներում շինարարարական բում է:
Շարունակելի...