Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Science and culture«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և այլք:
Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը ներկայում ապահովում է 200 շահառուի վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված, աուտիզմ ունեցող երկու եղբայրների՝ ապահովելով նրանց ճանապարհածախսը «Իմ ուղին» հաճախելու և վերականգնողական շարունակական թերապիաները ստանալու համար:
Միջոցառման ընթացքում ընդգծվել է համընդհանուր ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես պետության գերակա ուղղություններից մեկը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական գրեթե բոլոր մակարդակներում: Նշվել է՝ համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, անկախ իր զարգացման առանձնահատկություններից, հասակակիցների հետ կրթություն ստանալու և իր պոտենցիալն իրացնելու: Այս համատեքստում կարևորվել է նաև պետության հանձնառությունը՝ նպաստելու աուտիզմ ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելուն: