Ամուսինը զոհվել է, երեխաներն ունեն լսողական սարքերի կարիք. Արմինեն օգնություն է խնդրում
Society«Հրապարակին» է դիմել ծնունդով արցախցի Արմինե Ղալայանն, ով այս պահին ունի օգնության կարիք։
Տիկին Արմինեն և իր երկու երեխաները ծնվել և մեծացել են Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում, 2023-ի սեպտեմբերի 19-ին նրանք ստիպված դուրս են եկել Արցախից, այդ օրերի ռազմական գործողությունների զոհ է դարձել Արմինեի ամուսինը։ Այս պահին նրանք ժամանակավոր բնակություն են հաստատել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ իրենց վարձակալած բնակարանում։ Տիկին Արմինեի երկու զավակներն՝ աղջիկը և տղան ի ծնե ունեն լսողական խնդիրներ։ Երեխաներն Արցախում ապրելու տարիներին լսողական սարք ձեռք բերելու խնդիր չեն ունեցել՝ շնորհիվ Արցախի իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերի։
Ամեն ինչ Արցախում կորցնելով, նրանք եկել են Հայաստան, հիմա մեծ դժվարություններ ունեն երեխաներին բժշկի տանելու եւ այլ հարցերում: Ճիշտ է` հիվանդանոցային ծախսերը այստեղ պետությունը հոգում է, բայց անհրաժեշտ լսողական սարքեր չի տրամադրում։
«Այս պահին նոր լսողական սարքի անհրաժեշտություն ունի աղջիկս, տղայիս լսողական սարքը դեռ մի որոշ ժամանակ կծառայի իրեն։ Դիմել եմ սոցապ, ասել են՝ մենք չենք կարող տրամադրել նման գնողունակության սարք։ Առաջարկել են այլ սարքավորում, որը բժիշկներն էլ գիտեն, որ չի օգնելու։ Երկար ժամանակ փնտրել եմ այլ հնարավորություններ՝ որպեսզի կարողանամ գտնել անհրաժեշտ գումարը եւ գնել սարքավորումը, բայց միայն կարողանում եմ հոգալ բնակարանի վարձակալության, մեր կենցաղի և երեխաներին բժշկի տանելու ծախսերը: Ստիպված դիմում եմ ձեզ, հույս ունենալով, որ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան օգնել մեզ: Իսկ այդ սարքավորման արժեքը 600 հազար դրամի մոտակայքում է»։
Արմինեին և նրա աղջկան օգնելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել 097 10 82 11 հեռախոսահամարով։